Հնագետներն այժմ ավելի լավ են հասկանում, թե ինչու էր ատամների ծիսական հեռացում կատարվում հնագույն Թայվանում և Ասիայի այլ մասերում․ ոչ այն պատճառով, որ մարդիկ փչացած ատամներ ունեին: Չնայած ատամների հեռացումը գրանցվել է աշխարհի բնակչության տարբեր խմբերում, սակայն այն ամենից հաճախ կապված է վաղ ավստրանեզիական համայնքների հետ, որոնց թվում էին Թայվանի, Հարավարևելյան Ասիայի և Պոլինեզիայի բնակչությունը: Համաձայն ուսումնասիրության, որը հրապարակվել է Archaeological Research in Asia ամսագրում, սա առաջին անգամ ներդրվել է այդ տարածքում մոտ 4800 տարի առաջ՝ նեոլիթյան դարաշրջանում և շարունակվել մինչև 20-րդ դարի սկիզբը: Ըստ ծիակարգի, առանց անզգայացման հեռացվում էին առողջ ատամները՝ կտրիչները և ժանիքները: Դրանից հետո խոռոչները լցնում էին մոխրով, որպեսզի կանխեն արյունահոսությունն ու բորբոքումը։ Հավաքելով տվյալներ ամբողջ Ասիայի ավելի քան 250 հնագիտական վայրերից՝ հետազոտողները պարզել են, որ դրանցից 47-ը հուղարկավորումներ էին, որոնք վերաբերում էին նեոլիթից (4800-2400 տարի առաջ) մինչև երկաթի դար (2400-400 տարի առաջ), որտեղ հանգուցյալների ատամները բացակայում էին: Այս պրակտիկան հավասարապես տարածված էր ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում: Սակայն 1900-ական թվականներին այն ավելի տարածված դարձավ երկրորդ խմբի շրջանում: Ատամնաբույժներն հեռացրել են ոչ միայն մեծահասակների, այլևերեխաների ատամները։ Ըստ հետազոտողների, այս պրոցեդուրային դիմելու հիմնական պատճառը կոսմետիկ էր՝ «էսթետիկ ինքնարտահայտման» նպատակով։ Գիտնականներն այս եզրահանգմանն էին հասել պատմական գրականության մեջ բերված օրինակների և ավելի նոր փաստաթղթերի հիման վրա:
Գիտնականները նաև կարծում են, որ ատամների հեռացումը դիտվում էր որպես «քաջության փորձություն»: Բացի այդ, տեղի բնակիչները կարծում էին, որ ատամների հեռացումը կարող է նվազեցնել դաջվածքի ցավը կամ հեշտացնել արտասանության դժվարությունները, գրում են հետազոտության հեղինակները:





























