Գաղտնիք չէ, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը միշտ հանդես են գալիս Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու դեմ, գրում է Spero News-ը: Պարբերականը նշում է, որ ԳԴՀ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները՝ «Քրիստոնյա-դեմոկրատական միությունը», «Քրիստոնյա-սոցիալիստական միությունը» եւ Գերմանիայի Ազատ ժողովրդավարական կուսակցությունը հերթական հայտարարությունն են արել, որն ամրագրում է Գերմանիայի դիրքորոշումը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին: Մերկելը կրկին հայտարարել է, թե «խոսքը կարող է գնալ միայն արտոնյալ գործընկերության, այլ ոչ թե անդամակցության մասին: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցն օրակարգում չէ»: Իր հերթին՝ Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն 6 հիմնավորում է բերում, թե ինչու Թուրքիայի անդամակցությունը ցանկալի չէ:
1. Գերմանիան առաջին հերթին հետաքրքրված է եվրոպական ինտեգրացիայով: Եվրոպան աշխարհագրական սահմաններ ունի: Եւ ոչ ոք իրեն Եվրոպայում չի զգա, եթե սահմաններ լինեն Սիրիայի, Իրանի եւ Իրաքի հետ:
2. Ոչ ոք չի պատրաստվում հրաժարվել մեր թուրք ընկերներից: Մենք շահագրգռված ենք Թուրքիայի հետ սերտ գործընկերային հարաբերություններով, բայց դա չի նշանակում, որ մեր բոլոր գործընկերները պիտի անդամակցեն Եվրամիությանը:
3. Այն, որ Թուրքիան իսլամական ժողովրդավարական երկրի վառ օրինակ է, որեւէ կապ չունի ԵՄ-ին նրա անդամակցության հետ: Եթե դա այդպես լիներ, մենք հետո պիտի քննարկեինք Պակիստանի կամ Ինդոնեզիայի անդամակցության հարցը: Բայց անգամ այսօր՝ Անկարայի արտաքին քաղաքական կուրսի փոփոխությունը արաբական երկրների հանդեպ կասկածներ է հարուցում: Որպես ԵՄ անդամ Թուրքիան չի կարող կամուրջի դեր կատարել, քանի որ կամուրջը միայն մեկին չի պատկանում:
4. Նրանք, ովքեր պնդում են, որ թուրքական ինտեգրացիան դեպի Գերմանիա վտանգի տակ է դրվում, քանի որ Թուրքիան չի կարող դրանով ԵՄ անդամ դառնալ, վտանգի տակ են դնում թուրքերի եւ գերմանացիների խաղաղ սոցիալական գոյակցությունը: Թուրքերի՝ Գերմանիային ինտեգրումը առանց ԵՄ-ին անդամակցելու էլ կատարվում է:
5. Մենք չենք օգնի Թուրքիային, եթե աչք փակենք նրա խնդիրների վրա: Այնքան ժամանակ, քանի Անկարան արգելում է եկեղեցիների կառուցումն ու կղերականության գործունեությունը. Կրոնական ազատության մասին խոսելն անիմաստ է: Էրդողանը գոլ խփեց սեփական դարպասը՝ «քրիստոնյաների ակումբի» մասին իր անպատվաբեր եւ ստահոդ բառերով: (Էրդողանը նկատի է ունեցել ԵՄ-ին- NEWS.am):
6. Ճիշտ կլիներ շարունակել մեր գիծն ու Թուրքիային արտոնյալ գործընկերություն առաջարկել: Հակառակ դեպքում 10 տարվա բանակցություններից հետո դա նույնքան կործանարար կլինի, որքան Եվրոպայի քաղաքական միասնության ձախողումը:




























