Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքերն այն մասին, որ երկիրը մտադիր չէ դուրս բերել զորքերը Ֆիլադելֆիական միջանցքից Եգիպտոսի եւ Գազայի հատվածի հետ սահմանին, սպառնալիքի տակ է դրել ՀԱՄԱՍ շարժման հետ բանակցային գործընթացում ձեռք բերված առաջընթացը։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով քննարկումների ընթացքին ծանոթ աղբյուրներին։

Ինչպես նշել է CNN-ը, Գազայի հատվածում վեց պատանդների դիերը գտնելու մասին տեղեկություններից հետո կողմերն ակտիվորեն քննարկել են համաձայնագրի շուտափույթ կնքման ուղիները, բայց Նեթանյահուի խոսքերը սպառնալիքի տակ են դրել ձեռք բերված պայմանավորվածությունները։ «Այդ տղան միայն իր խոսքով ամեն բան հարվածի տակ է դրել»,- CNN-ը մեջբերել է աղբյուրի խոսքերը։

Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը օգոստոսի 29-ին որոշում է ընդունել պահպանել զորքերի ներկայությունը Ֆիլադելֆիական միջանցքում։ The Jerusalem Post-ը տեղեկացրել է, որ հաստատվել են ուժերի տեղակայման քարտեզները ձայների մեծամասնությամբ (8 ձայն)։ Պաշտպանության նախարար Յոավ Գալանտը դեմ է արտահայտվել, իսկ ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը չի քվեարկել։ Սեպտեմբերի 1-ին Գալանտը հանդես է եկել հայտարարությամբ՝ կառավարությանը կոչ անելով վերանայել այդ որոշումը։ Նեթանյահուն սեպտեմբերի 2-ի մամուլի ասուլիսում տարակուսանք է հայտնել առանձին քաղաքական գործիչների այս դիրքորոշման առնչությամբ եւ նշել է, որ անհրաժեշտ է կառավարության միասնականությունը ռազմական ժամանակի պայմաններում։