Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել վերսկսել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ջանքերը:
Ըստ նրա, վերջերս կայացած բանակցությունների ընթացքում ինքը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնվել են Ռուսաստանի մասնակցությամբ խաղաղության նոր համաժողով անցկացնելու անհրաժեշտության շուրջ։
«Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է քննարկելու, թե ինչպես պատերազմի վիճակից խաղաղության անցնել, ընդ որում ավելի արագ տեմպերով», - ասել է Շոլցը ZDF հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Հուլիսին Զելենսկին հայտարարել էր, որ մտադիր է մինչև նոյեմբեր պատրաստել ծրագիր, որը Կիևին թույլ կտա հյուրընկալել Ուկրաինայում խաղաղության երկրորդ միջազգային գագաթնաժողովը, որին կմասնակցեն նաև Ռուսաստանի ներկայացուցիչները: Հունիսին Ուկրաինան ընդունել էր 92 երկրի պատվիրակությունների Շվեյցարիայում իր առաջին գագաթնաժողովում` իր խաղաղ կարգավորման ծրագրի առաջխաղացման նպատակով:





























