Երբ 2022 թվականին արևմտյան պատժամիջոցներ կիրառվեցին Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինա ներխուժելու պատճառով, Կրեմլը հիմնականում կորցրեց ԱՄՆ դոլարով, եվրոյով և այլ համաշխարհային արժույթներով առևտուր անելու հնարավորությունը: Ռուսաստանի առաջատար բանկերն անջատվեցին SWIFT հաշիվների միջազգային համակարգից, իսկ Ռուսաստանի Դաշնության Բանկի արժութային պահուստների մի մասը սառեցվեց։ Արդյունքում Մոսկվան ստիպված եղավ իր մնացած պահուստները վերածել Արևմուտքի կողմից չվերահսկվող արժույթների, որոնց մեջ առանձնահատուկ տեղ զբաղեցրեց չինական յուանը։

Ռուսաստանի էներգետիկ գործարքները Չինաստանի հետ, ինչը մասամբ փոխարինեց ռուսաստանյան նավթի և գազի եվրոպացի գնորդներին, յուանով միջազգային գործարքների ծավալը հասցրեցին ռեկորդային մակարդակի, գրում է բրիտանական Financial Times թերթը՝ վկայակոչելով Չինաստանի արտարժույթի պետական ​​վարչության տվյալները։ 

Չինական արժույթով իրականացված երկկողմ գործարքների թիվը հուլիսին աճել է մեկ երրորդով՝ 40%-ից հասնելով 53%-ի՝ 2021 թվականի նախապատերազմյան նույն ամսվա համեմատ։ Կամ մեկ այլ ցուցանիշ՝ 2010 թվականին չինական արտադրանքի արտահանման գործարքների 80%-ը վճարվում էր դոլարով, հայտնում է FT-ն, սակայն Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների ներդրումից հետո այդ մասնաբաժինը կրկնակի կրճատվեց։ Միաժամանակ յուանով գործարքների մասնաբաժինը գրեթե զրոյից հասել է բոլոր գործարքների կեսից ավելիին։

«Յուանի օգտագործումը ձեռնտու է և՛ Ռուսաստանին, և՛ Չինաստանին, - DW-ին տված հարցազրույցում ասել է Ատլանտյան խորհրդի աշխարհատնտեսական կենտրոնի փոխտնօրեն Մայա Նիկոլաձեն։- Ռուսաստանը արժույթների առումով շատ այլընտրանքներ չունի, իսկ Չինաստանն իր հերթին հնարավորություն ունի մեծացնել իր տնտեսական ազդեցությունը Մոսկվայի վրա և նպաստել յուանի միջազգայնացմանը»։

Սակայն, ըստ Վաշինգտոնում գործող Ատլանտյան խորհրդի Dollar Dominance Monitor-ի, ամբողջ աշխարհում յուանը նախկինի պես օգտագործվում է 7%-ից պակաս արտարժույթային գործարքներում՝  դոլարի 88%-ի համեմա,: Ապրանքների կամ ծառայությունների արտահանման մոտ 54%-ը դեռևս հաշվարկվում է դոլարով, մինչդեռ յուանին բաժին է ընկնում ընդամենը 4%-ը։