A/H1N1 վարակով՝ «խոզագրիպ»-ով վարակվածների թիվը Ադրբեջանում հասել է 14-ի: Այդ մասին նոյեմբերի 11-ին հայտարարել է Բաքվի առողջապահության վարչության հիգիենայի եւ համաճարակաբանության կենտրոնի հատուկ վտանգավոր վարակների բաժնի պետ Էլմիրա Ալիեւան:

Նրա խոսքերով, հիվանդների մեծ մասը Ուկրաինայից ժամանածներ են, իսկ 3 հոգին նրանց հետ կապի մեջ մտածները: «Բացի այդ, վարակվածներից մեկը ուսանող է, որ սովորում էր Թուրքիայում, եւս մեկ վարակված Մեծ Բրիտանիայի քաղաքացի է, որն աշխատում էր Ադրբեջանում»: Ալիեւան հայտնել է, որ «խոզի գրիպ»-ից մահացության դեպքեր չեն արձանագրվել, բոլոր հիվանդների վիճակը նորմալ է, մի մասն անգամ դուրս է գրվել եւ ամբուլատոր բուժօգնություն է ստանում:

Ադրբեջանում «խոզագրիպ»-ով վարակման առաջին դեպքերն արձանագրվել էին դեռ հուլիսին: 3-րդը եղավ Քյուրդեմիրի մի բնակչուհի, որի մոտ նոյեմբերի 4-ին, Ուկրաինայից վերադառնալիս, հայտնաբերվել էր վարակը: Նոյեմբերի 5-ին Առողջապահության նախարարությունը հաստատել էր վարակման 2, իսկ 9-ին՝ 8 դեպք: Եւս մեկն արձանագրվել է այսօր, հայտնում է «APA» գործակալությունը: