Փոխադրամիջոցների և կցասայլերի օգտահանման տուրքը ինդեքսավորվելու է, կառավարության համապատասխան որոշումը ուժի մեջ կմտնի 2024 թվականի հոկտեմբերի 1-ից։

Ըստ «Известия»-ի՝ դրա մասին նշված է Արդյունաբերության և առևտրի նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։ Առաջին փուլում տոկոսադրույքը կավելանա միջինը 70–85 տոկոսով, յուրաքանչյուր հաջորդ տարվա հունվարի 1–ից կինդեքսավորվի 10–20 տոկոսով։

Ճանապարհաշինական տեխնիկայի տուրքը կինդեքսավորվի 2025 թվականի հունվարի 1-ից՝ տարեկան 15 տոկոսով ավելանալու պայմանով։ Հատուկ տեխնիկայի որոշ տեսակների համար, որոնց արտադրությունը Ռուսաստանի Դաշնությունում դեռ մշակման փուլում է, նախատեսված է հետաձգված ինդեքսավորում, որն ուժի մեջ կմտնի 2026 և 2028 թվականներից ոչ շուտ: Խոսքը էքսկավատորների ու բեռնիչ էքսկավատորների մասին է։

Մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը Ռուսաստան ներմուծված փոխադրամիջոցների օգտահանման տուրքի չափը հաշվարկելու համար կկիրառվեն նախկին գործակիցները։ Պայմանով, որ փաստաթղթերը մաքսային մարմիններ կներկայացվեն ոչ ուշ, քան մինչև 2024 թվականի հոկտեմբերի 15-ը։

Արդյունաբերության և առևտրի նախարարության մամուլի ծառայությունից նշել են, որ ավտոմոբիլային տեխնիկայի ներմուծմանն առնչվող փոփոխությունները չեն ազդում ֆիզիկական անձանց համար գործող արտոնյալ գործակիցների վրա, ովքեր անձնական օգտագործման՝ մինչև 3 լիտր շարժիչի տարողությամբ ավտոմեքենաներ են ինքնուրույն ներմուծում Ռուսաստան։

Բացի դրանից, որոշման նախագծի հանրային քննարկման արդյունքների հիման վրա ճշգրտվել են միջազգային բեռնափոխադրումների համարօգտագործվող քարշակների նկատմամբ օգտահանման տուրքի հաշվարկման գործակիցները։