Կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով է տեղեկացել, որ իր անդամակցությունը Հայաստանի կոմպոզիտորների միությանը դադարեցված է։ Ընդ որում՝ հեռացման պատճառներն անհայտն են։ Այս մասին կոմպոզիտորը տարածել է հայտարարություն։

Կից ներկայացնում ենք հայտարարության ամբողջական տեքստը։

«Անարդարությունները Կոմպոզիտորների միությունում կամ «եթե մեր կարծիքին չես, ուրեմն մեզ հետ չես»։

Ես ՝ Սերգեյ Սամվելի Ումրոյանս, սեպտեմբերի 3-ին Հայաստանի կոմպոզիտորների միության ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունից տեղեկացա, որ դադարեցրել են իմ անդամակցությունը: Տեքստում առկա չէր ոչ մի բացատրություն հեռացման պատճառների մասին: Ստորև մեջբերված է հայտարարության տեքստը․

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սերգեյ Ումրոյանի և Նուբար Ասլանյանի՝ ՀԿՄ անդամակցության դադարեցման մասին

Հիմք ընդունելով Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության 27.08.2024 թ. Արտահերթ նիստի քննարկմամբ և վարչության ներկա անդամների ձայների պարզ մեծամասնության քվեարկությամբ ընդունված որոշումը՝ Սերգեյ Ումրոյանի ՀԿՄ անդամակցությունը դադարեցված է:

Միևնույն ժամանակ նույն օրը վարչությունը միաձայն հաստատել է շաբաթներ առաջ ՀԿՄ պաշտոնական էլ. հասցեին կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի ուղղարկած դիմումը՝ ՀԿՄ անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ»:

Համացանցից հեռացմանս մասին տեղեկանալուց հետո սեպտեմբերի 16-ին հարկ եմ համարել անձամբ գնալ և ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանից տեղեկանալ կատարվածի մասին: Պարոն Սաթյանը հաստատել է հեռացմանս լուրը, որից հետո պահանջել եմ ներկայացնել հեռացմանս մասին վարչության որոշման արձանագրությունը, ինչին ի պատասխան Սաթյանն ասել է, որ այս պահին չկա, բայց ինքը, ինչ-որ թուղթ ստորագրել է:

Բարձր գնահատելով ՀԿՄ գործունեության կարևորությունը մեր երաժշտական կյանքում՝ չեմ կարող անտարբեր լինել և չբարձրաձայնել մեր ստեղծագործական կառույցում տիրող ամենաթողության և կառույցի հեղինակությունը վարկաբեկող աշխատելաոճի մասին, որը բազմիցս բարձրաձայնել եմ նաև կառույցի ներսում վարչության նիստերի և ժողովների ժամանակ:

Սույն հրապարակմամբ Կոմպոզիտորների միությունից պահանջում եմ պատճառաբանված հիմնավորում և արդեն իսկ կազմված ու հաստատված արձանագրության հրապարակում»,-նշված է Սերգեյ Ումրոյանի հայտարարության տեքստում: