Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգը Sky News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «կտրականապես մերժում է ցանկացած առնչություն» Լիբանանում բջջային սարքերի դետոնացիայի հետ։
«Նախ և առաջ, ես կտրականապես մերժում եմ ցանկացած առնչություն գործողությունների այս կամ այն աղբյուրի հետ։ Կցանկանայի միայն ասել, որ հենց Օլիմպիական խաղերի բացման օրը, «Հեզբոլլահի» սարսափելի հրթիռակոծման հետևանքով դրուզ հավատքի 12 իսրայելցի երեխա է զոհվել Մաջդալ Շամսում, որտեղ նրանք ֆուտբոլ էին խաղում: Այս պատերազմում սարսափելի ողբերգություններ են տեղի ունենում, և մենք երբեք չէինք ցանկանա հասնել այդ կետին, բայց մենք պաշտպանվելու անկապտելի իրավունք ունենք, և փաստը մնում է փաստ, որ քանդվում են տներ, զոհվում են իսրայելցիներ, մահմեդականներ, քրիստոնյաներ, դրուզներ և հրեաներ․ բոլորը Իսրայելի հյուսիսային մասում, որտեղ նրանք ապրում են խաղաղ», - ասել է Իսրայելի նախագահը:
Ըստ Հերցոգի, Իսրայելի հյուսիսային մասի բնակիչները տարհանվել են իրենց տներից մեկ տարով, «իսկ «Հեզբոլլահը» շարունակում է անվերջ հրթիռներ ուղարկել մեր ժողովրդի դեմ, ի վերջո, մենք իրավունք ունենք պաշտպանվելու»:
Հարցին, թե արդյոք Իսրայելը հերքում է իր պատասխանատվությունը այս շաբաթ տեղի ունեցած վերջին ռմբակոծությունների համար, թե՞ դրանք եղել են մեկ ուրիշի կողմից, նա ասել է. «Ես ոչինչ չեմ ակնարկել, միայն ասել եմ, որ «Հեզբոլլահը» շատ թշնամիներ ունի, և մեր օրերում դրանք շատ են։ «Հեզբոլլահը» խեղդում (և) ավերում է Լիբանանը՝ կրկին ու կրկին քաոս ստեղծելով Լիբանանում: Մենք այստեղ ենք պարզապես մեզ պաշտպանելու համար, դա այն ամենն է, ինչ անում ենք, և մենք հստակեցնում ենք, որ պետք է գործենք այնպես, ինչպես կաներ ցանկացած նորմալ ժողովուրդ, ինչպես կանի Մեծ Բրիտանիան կամ ցանկացած այլ ինքնիշխան պետություն՝ իր ժողովրդին պաշտպանելու համար»:





























