Հայաստանում «աշխարհիս հզորները»` թիկնապահներն, ամենեւին էլ պաշտպանության համար չեն վարձում: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 5-ին, հայտնել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը` ելույթ ունենալով «Մասնավոր պահնորդական ծառայության մասին» օրինագծի վերաբերյալ:
«Ախռաննիկի» առկայությունը (ես գիտակցաբար եմ գործածում այդ բառը) հեղինակության` «պրեստիժի» բաղադրիչն է, այնպես, ինչպես գնված պատգամավորական մանդատը կամ ակադեմիկոսի կոչումը: Հենց այդ պատճառով, եթե թիկնապահների թույլատրելի քանակն օրենսդրությամբ սահմանափակենք, նրանց կսկսեն ձեւակերպել որպես «խորհրդական» կամ` «օգնական»: Այսինքն, նա, ով թիկնապահ է վարձել, մտավոր բարձր կարողությունների տեր անձնավորություն է եւ խորիմաստ մտքեր է արտահայտում, իսկ սափրագլուխ «ախպերները» պետք է նրան օգնեն այդ բարդ գործում»,- հեգնել է պատգամավորը:
Հասարակության համար տագնապալի ազդանշան է նաեւ այն, որ թիկնապահները կիրառվում են իբրեւ ուժային ազդեցության եւ սպառնալիքների տարր, այդ թվում` նախընտրական շրջանում:
Ըստ նրա` նման իրավիճակը քայքայում է արժեհամակարգը` դպրոցական մակարդակից սկսած:
«Առաջ դպրոցականին հարցնում էին` ի՞նչ ես ուզում դառնալ, երբ մեծանաս, նա պատասխանում էր`«ուսուցիչ», «տիեզերագնաց», «զինվոր», «նկարիչ»: Այժմ իդեալը դարձել է քարացած հայացքով սափրագլուխը», – հավելել է Դալլաքյանը:
Նշենք, որ «Մասնավոր պահնորդական ծառայության մասին» օրինագծի համաձայն` մասնավոր անձը չի կարող երեքից ավելի թիկնապահ ունենալ, ներառյալ` վարորդ-թիկնապահը: Արգելվում է մասնավոր պահնորդական գործակալությունների գործունեությունն առանց հատուկ թույլտվության: Դատվածություն ունեցող անձինք թիկնապահ չեն կարող դառնալ:




























