ԱՄՆ-ի ուժերը Աֆղանստանում թալիբների հետ արյունոտ մարտից հետո լքել են Քամդեշ մարզը՝ աֆղանական Նուրիստան նահանգում, այնտեղ թողնելով զենքերն ու զինամթերքը: Արդյունքում դրանց տեր են դարձել թալիբները։ Այժմ մարզը տնօրինում են թալիբները. նրանք արդեն իրենց ներկայացուցիչներին են նշանակել տեղական կառավարման մարմիններում եւ կրկին բացել են դպրոցները:

Նոյեմբերի 3-ի առավոտյան ամերիկյան ճակատային դիտակետերը ենթարկվել էին զանգվածային հարձակման մոտ 300 զինյալների կողմից: Նրանք զինված էին ինքնաձիգներով ու հրանոթներով, եւ թեեւ ամերիկացիներն օգտագործել են ականանետեր, ծանր հրետանի, ավիացիա, հարձակվողները կարողացել են լուրջ վնասներ հասցնել եւ նվազագույնը մի անգամ ճեղքել պաշտպանական օղակը: Վեցժամյա մարտի արդյունքում դիտակետերը մնացել էին ԱՄՆ զորքերի վերահսկողության տակ, սակայն 8 զինծառայող զոհվել էր: Դրանք ամենածանր կորուստներն էին վերջին տարվա ընթացքում: Եւս 7 զինվորի ու 13 ոստիկանի զինյալները տարել էին իրենց հետ: Զոհվել են նաեւ 3 աֆղան զինվոր ու մեկ ոստիկան: Ավելի ուշ գերյալներից մեկը՝ մարզի ոստիկանության ղեկավարը մահապատժի է ենթարկվել: Նման տեղկեություն հաղորդում են իրենք՝ թալիբները, եւ դրանք հաստատվում են արաբական Al Jazeera հեռուստաալիքի կողմից, որը հեռարձակել է առաջին կադրերը:

Ինչպես հայտնում է NEWSru.com կայքը, ամերիկյան աղբյուրներն ու ՆԱՏՕ-ի հրամանատրությունը պնդում են, որ տեսաերիզից պարզ չէ, թե որտեղ եւ երբ է կատարվել ձայնագրությունը, եւ դա ոչինչ չի ապացուցում: Նրանք նաեւ նշում են, որ ամերիկացիների հեռացումը Քամդեշ մարզից վաղօրոք է նախատեսված եղել եւ թալիբներին զենքեր չեն թողել: Ամենաարժեքավոր իրերն ամերիկացիներն իրենց հետ տարել են, մնացածը՝ ոչնչացրել: Նրանց խոսքերով ողջ զենքն ու սպառազինությունը փաստաթղթավորվել է զորքերի հեռացման ժամանակ: Տեսաերիզի հրապարակումից հետո հրամանատարությունն անգամ ձեւական հետաքննություն չի սկսել, ասել են ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները:

Al Jazeera-ի ցուցադրած կադրերում երեւում է, թե ինչպես են թալիբները ցուցադրում ամերիկյան արտադրության զենքերն ու զինամթերքը: Հեռուստաալիքը հայտնում է, որ այդ ամենը մնացել է ԱՄՆ-ի թողած երկու առաջնային դիտակետերում՝ Պակիստանի հետ սահմանին: Ի դեպ, Քամդեշի մարտի մասին առանձին հոդված կա Վիկիպեդիայում, որում ասվում է, որ որոշ գործակալներ տեղեկացրել են կոալիցիայի զորքերին թալիբների նախապատրաստվող հարձակման մասին, սակայն դա չի հաստատվել այլ աղբյուրներից, եւ նախազգուշացումն անտեսվել է: