Հնագետները հայտնաբերել են տեղական կառավարչի դստեր՝ Իդիի 4000-ամյա հին եգիպտական դամբարանը, որն ապրել է Եգիպտոսի Միջին Թագավորության օրոք (մոտավորապես մ․թ․ա․ 2030-1640 թթ․-ին): Նա թաղված է եղել երկու դագաղում, որոնք եղել են իրար մեջ, ասվում է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության ֆեյսբուքյան հաղորդման մեջ։
Ըստ UCLA-ի հին եգիպտական արվեստի և ճարտարապետության պրոֆեսոր Քեթլին Քունիի, Միջին Թագավորության ժամանակներից երկու անվնաս դագաղի հայտնաբերումը արտասովոր բան է:
Ինչպես նշել է պրոֆեսորը Live Science-ին տված հարցազրույցում, այս դագաղները ոչ միայն լավ պահպանված են թվում, այլև ծածկված են բարդ գրություններով, որոնք օգնել են մահացածներին գտնել իրենց ճանապարհը Անդրաշխարհում:
Իդին ապրել է Սենուսերթ I փարավոնի օրոք (մոտավորապես մ.թ.ա. 1961-ից մինչև 1917 թվականը) և եղել է ժամանակի ամենահարուստ գավառներից մեկի՝ Ասյութի կառավարիչ Ջեֆայհափիի դուստրը։
Հին ժամանակներում նրա գերեզմանը թալանվել է, սակայն կմախքի մասերը պահպանվել են։ Աճյունի վերլուծությունը ցույց է տվել, որ կինը հավանաբար մահացել է մինչև 40 տարեկանը և մի ոտնաթաթի բնածին արատ ուներ:
Ըստ հայտարարության՝ երկու դագաղներից մեծի երկարությունը կազմել է 2,6 մետր, իսկ փոքրինը՝ 2,3 մետր։ Հնագետները հայտնաբերել են նաև դագաղի կափարիչի մնացորդներ և փայտե արձանիկներ։
Փայտե արձանիկներից մեկը կանգնած կին է պատկերում, որը կարող է լինել Իդին:





























