Թուրքիայի կրոնական հարցերով վարչության ղեկավար Ալի Էրբաշը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները կասեցնելու համար անհրաժեշտ է խաղաղապահ զորախումբ ուղարկել Մերձավոր Արևելք։

«Խաղաղապահ ուժերը պետք է հնարավորինս արագ ուղարկվեն տարածաշրջան՝ ճնշվածներին և անմեղներին վայրագություններից պաշտպանելու համար։ Ռաֆահի սահմանային անցակետը և դեպի Պաղեստին մարդասիրական միջանցքը պետք է անհապաղ բացվեն՝ հաշվի առնելով մոտալուտ ձմեռային սեզոնը։ Պետք է միջոցներ ձեռնարկել Գազա հիմնական ապրանքների և օգնության, հատկապես էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումն ապահովելու համար»,- ասված է Թուրքիայի կրոնական հարցերով վարչության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

Էրբաշն առանձին-առանձին նշել է, որ երկրի ղեկավարներից և որոշում ընդունողներից է ակնկալվում «անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել գլոբալ պատերազմն ու քաոսը կանխելու համար»։ Նա զգուշացրել է, որ մարդկության ավելի մեծ աղետի մեջ չներքաշելու համար, ՄԱԿ-ը պետք է նաև քայլեր ձեռնարկի և իրավական գործընթացներ սկսի Պաղեստինում և հարակից տարածքներում անօրինական հարձակումների հետևանքով առաջացած մարդկանց և ունեցվածքի կորուստները փոխհատուցելու համար:

«Իրենց գողացված հողերի վրա համակարգված ահաբեկչական գործողություններ իրականացնող զավթիչները ոչ միայն հրկիզեցին Պաղեստինը և նրա շրջակայքը, այլև բորբոքեցին տարածաշրջանային պատերազմի կայծը: Ներկայում համայն մարդկությունը կանգնած է լուրջ սպառնալիքի առաջ։ Այսօր սիոնիստները դարձել են գլոբալ խաղաղության և անվտանգության ամենամեծ սպառնալիքը և վտանգում են մարդկության ապագան»,- շեշտել է Թուրքիայի կրոնական հարցերով վարչության ղեկավարը։ Նա նշել է, որ Իսրայելը անվերապահ օգնություն է ստանում որոշ պետություններից։

«Ոգևորված այս անպատասխանատու աջակցությունից՝ մարդասպանների ցանցն ընդլայնեց իր թիրախների աշխարհագրությունը՝ սկսելով հարձակումներ իրականացնել Լիբանանի եւ Սիրիայի վրա։ Այս հարձակումները բացահայտում են սիոնիստների իրական մտադրություններն ու նպատակները. նրանք փորձում են պատերազմը տարածել ամբողջ տարածաշրջանում՝ նպատակ ունենալով գրավել ավելի շատ հողեր և ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը»,- ասված է հայտարարության մեջ։

Էրբաշը միաժամանակ նշել է, որ միջազգային կազմակերպությունները և հատկապես մահմեդական երկրները պետք է անհապաղ գործեն Պաղեստինում ցեղասպանությունը դադարեցնելու ուղղությամբ։ Նա  կոչ է արել հետևողականորեն և անխոնջ կերպով բողոքել պետությունների և կառավարությունների ղեկավարների որոշումների դեմ, որոնք հովանավորում են բռնազավթիչների իրականացրած ջարդերը և զենք ուղարկում Իսրայել։