Շիրակի մարզի Առափի համայնքում, այսօր` դեկտեմբերի 6-ին, շահագործման է հանձնվել մշակույթի տան մի հատվածը: Այն 1988-ի Սպիտակի երկրաշարժից վնասվել է, ապա ավելի քան 20 տարի եղել է կիսաքանդ վիճակում: Այնուհետեւ 1993 թվականին մշակույթի տանը բռնկված հրդեհի պատճառով, ընդհանրապես օգտագործման ենթակա չի եղել:
Մշակույթի տունը վերակառուցելու նպատակով, Առափի համայնքի ղեկավարը բազմիցս է դիմել պետական ու մասնավոր կառույցների, սակայն ֆինանսական աղբյուրներ գտնել այդպես էլ չի հաջողվել: Իսկ մշակույթի տան մի հատվածը վերակառուցվել է համայնքի բյուջեի միջոցներով:
Առափիի գյուղապետ Ալբերտ Այվազյանը NEWS am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, թե հիմնանորոգել հաջողվել է 2 տարվա տնտեսումների հաշվին: Համայնքային միջոցները, սակայն, հնարավորություն չեն տվել, ամբողջովին վերակառուցել շենքը: Առափի համայնքում չլուծված խնդիր է նաեւ սողանքային գոտու ուսումնասիրումը: Բացի այդ, գյուղապետի խոսքով, համայնքն ունի նաեւ գազաֆիկացման խնդիր, գյուղ տանող ճանապարհները եւս գտնվում են անմխիթար վիճակում: Այս եւ այլ խնդիրների մասին, գյուղապետը բամիցս դիմել է Շիրակի մարզպետարան, սակայն խնդիրներին լուծումներ չեն տրվել:




























