Հայաստանի անկախության համար այդքան հիմնարար փաստաթղթի՝ Անկախության հռչակագրի խեղաթյուրման եւ դերի նսեմացման փորձերը անթույլատրելի են։ Այս մասին հայ-ադրբեջանական սահմանազատման եւ սահմանագծման պետական հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի, ինչպես նաեւ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի անկախության հռչակագրի անժամկետ ակտուալության մասին» հայտարարության նախագծի վերաբերյալ հոկտեմբերի 17-ի խորհրդարանական լսումներում ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Հայտարարության նախագծի հեղինակները, մասնավորապես, դատապարտում են Հռչակագրի եւ ՀՀ Սահմանադրության արհեստական հակադրման փորձերը։ «Որոշման նախագիծը Հռչակագրում դրված համազգային արժեքները եւ գաղափարները համարում է երկրի անվտանգության հիմքը, եւ ցանկացած ոտնձգություն այդ արժեքների դեմ առանձնակի ծանր հանցագործություն է Հայաստանի դեմ»,- նշել է Մանուկյանը՝ ընթերցելով հայտարարության նախագծի տեքստը։
Փաստաթղթի հիմնավորման մեջ նաեւ ասվում է, որ դրա անհրաժեշտությունը բխում է անվտանգության նկատառումներից, ինչպես նաեւ հայկական պետականության ամրապնդումից։




























