Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն հայտարարել է, որ երկրի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի նախընտրական արշավի գովազդը ավելի թանկ արժե, քան անհրաժեշտ է գրիպի համաճարակի դեմ պայքարելու համար: «Եթե խոսքը գնում է միջոցների մասին, ապա գովազդային քարոզչությունը, որն այսօր փակցված է ամեն սյունին ե՛ւ քաղաքում, ե՛ւ անտառում, ավելի թանկ է արժեցել, քան համաճարակի դեմ պայքարի ծախսերն են»,- ասել է Յուշչենկոն:
Հիշեցնենք, որ գրիպի համաճարակի մասին Ուկրաինայում հայտարարվել է հոկտեմբերի վերջին: Նոյեմբերի 10-ին «խոզի գրիպ»-ից մահացածների թիվը, ըստ առողջապահության նախարարության տվյալների, հասել է 189 մարդու, իսկ հիվանդների թիվը` 1,122 միլիոն մարդու:
Միաժամանակ, Տիմոշենկոն Յուշչենկոյից պահանջել է ստորագրել օրենքը, ըստ որի՝ 1 միլիոն գրիվնա պետք է հատկացվի գրիպի դեմ պայքարի նպատակով միջոցներ ձեռք բերելու համար: Նա հիվանդությունից մահացածների պատասխանատվությունը գցել է Յուշչենկոյի վրա:
Տիմոշենկոյին քննադատելիս երկրի նախագահն անցել է անձնական վիրավորանքների՝ նշելով. «Մենք խոսում ենք բաց հասարակության ու ազնիվ իշխանության մասին: Որտեղից են վերցվում հարյուր միլիոնավոր գրիվնաները վարչապետի գովազդի համար, որը չունի ոչ բնակարան, ոչ հողամաս, ոչ մեքենա: Ուղղակի բոմժ»: Նա խոսել է նաեւ Տիմոշենկոյի տարիքի մասին. «Ինչպե՞ս կարելի է 50 տարեկանում բոմժ լինել: Մի ընդունեք դա որպես Յուլիա Վլադիմիրովնայի դեմ հարձակում, բայց եթե 50 տարեկանում վարչապետը ոչինչ չունի, ապա ի՞նչ է նա սովորեցնում ազգին, ինչպե՞ս կառուցել ապագա»: Յուշչենկոն Տիմոշենկոյին առաջարկել է «սկզբում նախ ստեղծել իր ապագան, հետո ուրիշների»:




























