ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը վերաբերում է գլոբալ հարավի խնդիրներին, և այս օրակարգն ուղղակիորեն վերաբերում է Հայաստանին, հետևաբար, սա մեզ համար կարևոր հնարավորություն է ներկայացնելու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Այս մասին հոկտեմբերի 23-ին խորհրդարանում կառավարության ժամին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, միջազգային հանրության մոտ այս նախագծի նկատմամբ հետաքրքրությունն անշեղորեն աճում է։ «Նման հարթակները շատ կարևոր են մեր հաղորդագրությունները փոխանցելու համար։ Ոչ պակաս կարևոր է, որ ես անձամբ հրավեր ստացա Ռուսաստանի նախագահից և ընդունեցի այս հրավերը»,- պարզաբանել է նա։ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ իր մասնակցությունն այս միջոցառմանը կարևոր է Հայաստանի համար։
Նա կրկնեց, որ Երեւանը հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարում. «Այս տրամաբանությամբ մենք հանդիպմանը մասնակցել ենք «3+3» ձևաչափով։ Բացի այդ, վերջերս մասնակցել եմ նաև Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային և Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։ Կարևոր է Հայաստանի հաղորդակցությունն ու կարծիքների փոխանակումը համաշխարհային զարգացման խնդիրների շուրջ։ Կարևոր է նաև լսել գործընկերների ուղերձները»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը։
Նրա կարծիքով՝ աշխարհում ցանկացած գործընթաց մեծ չափով տնտեսական ենթատեքստ և բովանդակություն ունի։
Փաշինյանը հավելեց, որ ուկրաինական իրադարձությունների արդյունքում փակվել են լոգիստիկ կարևորագույն ուղիները, որոնցով հարյուր միլիարդավոր դոլարների ապրանքներ էին փոխադրվում։ «Այս ամենն աշխատատեղերի, հարստության կորուստ է, ինչպես նաև այլ փոփոխություններ։ Համաշխարհային քաղաքականությունը փորձում է լուծել այս հարցերը։ Հայաստանը պետք է այս գործոնները հաշվի առնի իր արտաքին քաղաքականության մեջ»,- եզրափակեց նա։




























