Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դահլիճում, դեկտեմբերի 8-ին, տեղի կունենա «Առաջնորդման մեթոդաբանությունը` ըստ Գարեգին Նժդեհի» գրքի շնորհանդեսը։
Գիրքը տպագրվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ։ «Առաջնորդման մեթոդաբանությունը՝ ըստ Գարեգին Նժդեհի» գրքի հեղինակը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի դոցենտ, փիլիսոփայության դոկտոր Վալերի Միրզոյանն է:
Գրքում շարադրվում եւ մեկնաբանվում է ռազմական, պետական գործիչ Գարեգին Նժդեհի հայեցակարգն առաջնորդման էության, առաջնորդի բնութագրի, իրավունքների եւ պարտականությունների, առաջնորդման մեթոդների մասին: Բացի ուսանողներից, գիրքը հասցեագրված է նաեւ փիլիսոփաներին, կառավարման տեսաբաններին, քաղաքական գործիչներին, պաշտոնյաներին, ձեռներեցներին, բոլոր այն անձանց, ովքեր գործ ունեն մարդկանց կառավարման խնդիրների հետ: Այն կարող է գործածվել նաեւ նժդեհագիտության հետագա հետազոտություններում, որպես մեթոդաբանական ձեռնարկ բուհական մի շարք դասընթացներում։




























