Երեւանի Ուլիսը ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճել է ընդհանուր մի գաղափարի շուրջ հավաքված մարդկանց աշխատանքի, թիմում տիրող մթնոլորտի եւ աշխատասիրության եւ համախմբվածության շնորհիվ: Այդ մասին այսօր, դեկտեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի նորընծա չեմպիոն Ուլիսի գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը:
«Մեր թիմը կայացման փուլում է: Մենք հասկանում ենք, որ չեմպիոնության հասնելը դժվար է, սակայն շատ ավելի բարդ է լինելու հետագա աշխատանքը: Հաջող աշխատելու համար թիմին պետք է բարձրացնել նոր հոգեբանական աստիճանի: Նախորդ երեք տարիներին Ուլիսը աչքի է ընկել կայուն խաղով, հավաքել է գրեթե հավասար միավորներ: Սակայն այս տարի մյուս թիմերն ավելի շատ միավորներ կորցրեցին:»,- հայտարարեց Սեւադա Արզումանյանը:
Նոր մրցաշրջանի նախապատրաստությունը թիմը կսկսի հունվարից: Կանցկացվի երեք հավաք` մեկը Հայաստանում, երկուսը` արտասահմանում: Ակումբի կփորձի պահել թիմի կորիզը, սակայն կլինեն հեռացողներ եւ նոր ֆուտբոլիստներ: Ուժեղացում է սպասվում բոլոր օղակներում:
Թիմի պետ Սլավա Սարգսյանը հայտարարեց, որ մրցաշրջանի վերջում թիմի ֆուտբոլիստների մոտ արդեն նկատվում էր հաղթողի հոգեբանություն, ինչը նախկինում որոշ ֆուտբոլիստներ չունեին:
«Մենք կանենք հնարավորը բարձունքում մնալու համար: Կուժեղացվի թիմի կազմը: Այդ ուղղությամբ աշխատանք է տարվում: Աշխատանքներ են տարվում նաեւ սեփական կադրեր պատրաստելու ուղղությամբ: Աստիճնաբար զարգանում է ակումբի ենթակառուցվածքը: Թիմն ընդամենը 6 տարվա պատմություն ունի: Մենք ձեռք ենք բերել Շենգավիթի ֆուտբոլի դպրոցը եւ այն վերանորոգելու ենք: Շենգավիթի դպրոցը միշտ էլ լավ կադրեր է տվել մեր ֆուտբոլին: Հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանն էլ Շենգավիթի դպրոցի սան է: Սեւադա Արզումանյանը նույնպես այնտեղ է սկսել կարիերան: Նորոգվելու է Շենգավիթի ֆուտբոլի դպրոցը, որն ակումբինն է»,-նշեց Սլավա Սարգսյանը:



























