Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի քիմիա-կենսաբանություն ֆակուլտետի ուսանողները, դեկտեմբերի 7-ին, ակցիա են կազմակերպել` արյուն հանձնելով Լոռիի մարզային արյան փոխներարկման կայանում:

Ուսանողների ակցիան շուրջ 5 տարվա պատմություն ունի:

Ակցիայի մասնակիցներն ու կայանի աշխատակիցները նշում են, որ դեռեւս Խորհրդային միության տարիներից միշտ եղել է կամավոր բարեգործական հիմունքներով արյուն հանձնելու կարգը:

Ուսանողների այս ակցիան ուղղված էր հիմնականում այն անապահով ընտանիքների երեխաների առողջության բարելավմանը, ովքեր չունեն ֆինանսական միջոցներ ու հնարավորություն` ընտանիքի երեխային նոր արյամբ ապահովելու համար:

450 մլ արյուն են հանձնել քիմիա-կենսաբանական ֆակուլտետի թվով 10 ուսանողներ:

Արյան փոխներարկման կայանի բժիշկ-մասնագետները փաստում են, որ սա ոչ միայն բարեգործություն է, այլեւ մեծ օգուտ օրգանիզմին, քանի որ բարելավվում է արյան շրջանառությունն ու թարմ արյուն մատակարարվում օրգանիզմին: Իսկ Լոռիի գլխավոր անաստեզոլոգ Գրիգոր Սարգսյանը խոսեց այն մասին, որ ինստիտուտի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի  հետ համաձայնության արդյունքում, հաջորդ տարվանից արդեն, այս գործընթացը պարբերական բնույթ կկրի: