Բուլղարիայի Ժողովրդական ժողովի նախագահ Ցեցկա Ցաչեւան Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հրավիրել է պաշտոնական այց կատարել Սոֆիա:

ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տոդոր Ստայկովին, որն էլ հանձնել է հրավերքը:

Զրուցակիցները պայմանավորվել են, որ ՀՀ ԱԺ նախագահի Բուլղարիա կատարելիք այցի ժամկետները կճշգրտվեն դիվանագիտական խողովակներով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաեւ անդրադարձել են Հայաստանի ու Բուլղարիայի տնտեսությունների վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության եւ առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու հարցերին: