Փարիզում, դեկտեմբերի 5-7-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ինքնարտահայտման ձեւերի բազմազանության պաշտպանության եւ խրախուսման հարցերով միջկառավարական կոմիտեի 5-րդ նիստը, որի ընթացքում պետք է նաեւ տեղի ունենար Բյուրոյի անդամների ընտրությունը:

Նիստին մասնակցում էին 2005 թ. ընդունված «Մշակութային ինքնարտահայտումների բազմազանության պաշտպանության եւ խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային միացած անդամ երկրները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ դիտորդներ:

Նիստում` դեկտեմբերի 7-ին Հայաստանն ընտրվել է Կոմիտեի բյուրոյի փոխնախագահ եւ որպես 2012 թ. հիմնական զեկուցող հանդես կգա ՀՀ մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության փորձագետ Արտաշես Առաքելյանը:

Հիշեցնենք, որ միջկառավարական կոմիտեն ստեղծվել եւ գործում է 2005 թ. ընդունված «Մշակութային ինքնարտահայտումների բազմազանության պաշտպանության եւ խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի հիման վրա, որին Հայաստանը միացել է 2007 թ.:

Հայաստանը վերոնշյալ Կոմիտեի անդամ է 4 տարի ժամկետով: