Երեւանի քաղաքապետարանի կողմից դեկտեմբերի 20-ին ժամը 20.00-ին Հանրապետության հրապարակում հանդիսավոր կերպով կտրվի տոնական միջոցառումների մեկնարկը: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 8-ին, քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Կամո Մովսիսյան:

Նա փոխանցեց, որ այս տարվա  մշակութային միջոցառումներն անցյալ տարվա միջոցառումներից տարբերվելու են եւ բովանդակությամբ, եւ ծավալով: Մասնավորապես բոլոր վարչական շրջաններում կազմակերպվելու են միջոցառումներ, տեղադրվելու են տոնածառներ: «Կլինի 3D շոու, համերգային ծրագիր եւ հրավառություն»,- ավելացրեց Կամո Մովսիսյանը:

Ի դեպ, Հանրապետության հրապարակում միջոցառումներ կշարունակվեն նաեւ դեկտեմբերի 31-ին, հունվարի 6-ին եւ հունվարի 13-ին: Միջոցառումներ կկազմակերպվեն նաեւ  Ազատության հրապարակում` հիմնականում մանկական սահադաշտում, Շառլ Անձնավուրի հրապարակում եւ Հյուսիսային պողոտայում:

Քաղաքապետարանի կողմից շուրջ 2500 երեխայի նվերներ եւ ներկայացումների տոմսեր են բաժանվելու: Իսկ վարչական շրջանների կողմից այդ առումով առանձին ծրագիր է իրականացվելու:

NEWS.am թղթակցի հարցին, թե քաղաքը տոնական տեսքի բերելու համար քաղաքապետարանը որքա՞ն գումար է ծախսել, Կամո Մովսիսյանը պատասխանեց. «Կա ծրագրային փաթեթ, որը դեռ վերջնական տեսքի չի բերվել: Բայց հիմնական գումարները տրամադրվում են գործընկերների, մասնավոր սեկտորի կողմից: Փորձելու ենք այս տարի  մեր բյուջեից գումար չօգտագործենք: Հիմնականում գումարը կգոյանա գովազդից եւ մասնավոր սեկտորից: Բայց քաղաքապետարանը եւս կունենա իր մասնակցությունը»: