«Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթն արդարացրեց իրեն: Նրանում արտահայտված յուրաքանչյուր միտք պետք է առանձին վերլուծել»,- նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը։

Նշելով, որ առաջին նախագահի երեկվա ելույթից հետո ելույթներով հանդես են եկել ՀԱԿ եւս յոթ անդամներ, այդ թվում՝ նաեւ ինքը, Վ. Խաչատրյանը տեղեկացրեց, որ այդ ընթացքում քննարկվել են Հայ ազգային կոնգրեսի մարտավարությանը եւ անելիքներին վերաբերող, ինչպես նաեւ իշխանության հրաժարականին հասնելու նպատակով նոր ուժերի ներգրավման առնչությամբ մի շարք հարցեր, թեկուզեւ այդ ուժերը գաղափարական առումով այնքան էլ մոտ չլինեն իրենց։ «Մեր նպատակը իշխանափոխության հասնելն է, բայց դա ինքնանպատակ չի արվում,»,- նշեց նա՝ միաժամանակ ընդգծելով, որ խոսակցությունները, թե իբր Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռանում է քաղաքականությունից, ստահոդ են եւ մարդկանց հիասթափեցնելու համար են տարածվում։ «Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթը՝ ցանկացած պահի պատրաստ լինել ակտիվ գործողությունների՝ դրա վկայությունն է»,- եզրափակեց նա։