Թուրքիան մտադիր է փոխադարձ կերպով հանել Ադրբեջանի հետ մուտքի վիզային ռեժիմը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Sabah-ը։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիա-Ադրբեջան մուտքի վիզաների հանման առաջարկը օրակարգում է ։ Ըստ տեղեկությունների, Էրդողանը այս ամենը նախաձեռնել է՝ մեղմելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համապատկերում Ադրբեջանի հետ լարված հարաբերությունները։ Էրդողանը մոտ օրերս Թուրքիա այցելող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ կքննարկի այդ խնդիրը։ Էրդողանը հայտնել է, որ Հորդանանի հետ նույնպես կսահմանվի առանց վիզայի մուտքի թույլտվության կարգ։
NEWS.am-ը հիշեցնում է, որ մեկ ամիս առաջ էլ Թուրքիան վերացրեց Սիրիայի հետ գործող վիզային ռեժիմը։
Ի դեպ երկու օր առաջ Իրանը նույնպես որոշում է կայացրել միակողմանի վերացնել մուտքի վիզան Ադրբեջանի հետ։ Այսուհետ ադրբեջանցիները կարող են առանց մուտքի վիզա ստանալու ազատ մտնել Իրան։




























