ՌԴ Զինված ուժերը նոյեմբերի 7-ի գիշերը գրոհել են Կիեւը հարվածային անօդաչուներով, տեղեկացրել է քաղաքի ռազմական վարչության ղեկավար Սերգեյ Պոպկոն։ Նրա խոսքով՝ Կիեւի չորս շրջաններում ընկել են անօդաչուների բեկորները։
Ինչպես տեղեկացրել է Պոպկոն, Սոլոմենսկի շրջանում ձեռնարկության տարածքում այրվել է պահեստը, հրդեհի մակերեսը կազմել է 600 քառակուսի մետր։ Հոսպիտալացվել է մեկ տուժած, տեղեկացրել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Սոլոմենսկի շրջանում բեկորներն ընկել են նաեւ բժշկական կենտրոնի վրա, իրականացվում է տարհանում։ Տուժածների մասին տեղեկությունը ճշտվում է։
Պեչորսկի շրջանում հրդեհ է սկսվել ռեստորանում, որը գտնվում է բնակելի տան 33-րդ հարկում, ասել է քաղաքի ռազմական վարչության ղեկավարը։ Հրդեհի մակերեսը կազմել է 50 քառակուսի մետր։ Մասնակի քանդվել են 34-րդ տեխնիկական հարկի կոնստրուկցիաները։ Ոչ ոք չի տուժել։ Տան բնակիչներին տարհանում են, տեղեկացրել է Կլիչկոն։
Գոլոսեեւի շրջանում, ըստ Պոպկոյի, տեղի է ունեցել հրդեհ ավտոտնակում եւ տեխնիկական սպասարկման կայանում (200 քառակոսի կիլոմետր մակերեսով)։ Ոչ ոք չի տուժել։ Այս շրջանում վնասվել է նաեւ բնակարան բնակելի տանը, տուժել է մեկ մարդ։
Օբոլոնսկի շրջանում տեղի է ունեցել հրդեհ վեց հարկանի բիզնես կենտրոնի տանիքին (10 քառակուսի մետր մակերեսով)։ Կլիչկոն տեղեկացրել է, որ այրվել են շենքի վերին հարկերը։ Ոչ ոք չի տուժել։
Կլիչկոյի խոսքով՝ Պոդոլսկի շրջանում տեղի է ունեցել հրդեհ երկհարկանի սեփական տանը։ Պոպկոն տեղեկացրել է, որ Դարնիցայի շրջանում բեկորներն ընկել են բնակելի տան վրա, տուժածներ չկան։
Կիեւի ռազմական վարչությունում տեղեկացրել են, որ ՀՕՊ ուժերը օդային տագնապի ժամանակ խփել են ավելի քան 30 ռուսական անօդաչուներ։



























