Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներին կոչ է արել հրաժարվել երկակի ստանդարտներից ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում: Այս մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովը` մեկնաբանելով Վիլնյուսում կայացած ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների հանդիպման արդյունքները:
Ըստ նրա` «Ժամանակն է, որ ԵԱՀԿ-ն հրաժարվի «ինքներդ պայմանավորվեք, որպեսզի մենք աջակցենք» առաջարկից: Նրանք իրենք էլ պետք է լավ իմանան, որ նման առաջարկներ անելը, հայկական կողմին տարբեր կերպ աջակցելը, նրա հետ գաղտնի բանակցություններ վարելը, տարբեր նախարարների մակարդակներով հանդիպումները, արձանագրությունների եւ այլնի ստորագրումը չեն օգնում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»,- նշել է Նովրուզ Մամեդովը:
Ալիեւյան պաշտոնյան ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստը քննադատել է նաեւ նրա համար, որ հակահայկական բնույթի որեւէ փաստաթուղթ դրա ընթացքում չի ընդունվել:
Նշելով հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները շարունակելու անհրաժեշտության մասին` պաշտոնյան հերթական անգամ կրկնել է «ցանկացած ճանապարհով հողերի վերադարձման» ծեծված արտահայտությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին անդրադառնալով` Մամեդովը նշել է, որ Ադրբեջանը, իհարկե, «միշտ չէ, որ գոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից, բայց, միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ միջնորդները եւս ջանքեր են գործադրում խնդրի լուծման ուղղությամբ»:




























