ԵՊՀ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, դերասանուհի Անժելա Սարգսյանի նախկին ամուսին Ղազար Ավետիսյանն այսօր` դեկտեմբերի 9-ին, հարցաքննվել է ԱԱԾ-ում` կեղծ վկայականներ տրամադրելու գործի շրջանակներում: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի հավաստի աղբյուրները: Հարցաքննվելուց հետո նա ազատ է արձակվել:
Նշենք, որ երեկ առավոտյան արձակագիր, «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի ծառայության աշխատակից, Արմեն Օհանյանին տարել էին Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն, ավելի ուշ` ազատ արձակել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշել էր, որ իրեն բերման են ենթարկել իր մտերիմ ընկերներից մեկի հետ կապված գործով, սակայն չէր հայտնել նրա անունը: «Հավանաբար նրանք մտածել են, որ եթե նա իմ մտերիմ ընկերն է, ես կարող եմ ինչ-որ տեղեկություն ունենալ: Բնականաբար, ես ոչ մի առնչություն չունեմ ոչ կրթության ոլորտի, ոչ էլ կեղծ վկայականների հետ»,-ասել էր նա: Ի դեպ, ըստ Արմեն Օհանյանի, իրեն բերման են ենթարկել առանց ծանուցագրի եւ նա քննչական վարչությունում հրաժարվել է առանց փաստաբանի ներկայության պատասխանել իրավապահների հարցերին: «Հաճախ մարդկանց առանց ծանուցագրի առկայության են հարցաքննության կանչում: Ուղղակի տվյալ դեպքում ես հարցին հնչեղություն տվեցի»,-ասել էր նա:



























