Դոնալդ Թրամփի առաջին վարչակազմի երկու ներկայացուցիչներ նախազգուշացրել են Իսրայելի կառավարության բարձրաստիճան անդամներին այն մասին, որ ԱՄՆ նորընտիր նախագահը իր երկրորդ ժամկետի ընթացքում չի աջակցի Հորդանան գետի Արեւմտյան ափի անեքսիային։ Այս մասին, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել է The Times of Israel թերթը։

Ինչպես նշել են պարբերականի զրուցակիցները, այս տեղեկությունը հասցվել է իսրայելական կողմին մի քանի առանձին հանդիպումների ընթացքում, Թրամփի հաղթանակից առաջ։ Միեւնույն ժամանակ, թերթի աղբյուրները նշել են, որ չեն բացառում նորընտիր նախագահի դիրքորոշման փոփոխության հնարավորությունն այս հարցում, սակայն նախազգուշացրել են, որ հարցը չի կարելի լուծված համարել։

Անունը չնշած իսրայելցի պաշտոնատար անձի խոսքով՝ Թրամփի աջակցությունը Արեւմտյան ափի անեքսիային կարող է բացասական արձագանք առաջացնել տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցների՝ Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի կողմից։ Ինչպես նշել է պարբերականի զրուցակիցը, Թրամփը կարող ՝ ակնկալել նրանց աջակցությունը ավելի կարեւոր արտաքին քաղաքական խնդիրների լուծման ժամանակ, որոնց թվում են Իրանին դիմակայելը, մրցակցությունը Չինաստանի հետ եւ Ուկրաինայի հակամարտության կարգավորումը։

Երկուշաբթի Իսրայելի ֆինանսների նախարար, ուլտրաաջ «Կրոնական սիոնիզմ» կուսակցության նախագահ Բեցալել Սմոտրիչը հայտնել էր, որ կարգադրել է սկսել Հորդանան գետի Արեւմտյան ափի հնարավոր անեքսիայի պատրաստումը 2025թ.՝ կապված ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի հետ։