Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանին:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Միշել Սուլեյմանի եւ Տիգրան Սարգսյանի առանձնազրույցից հետո, բարձրաստիճան հյուրի պատվին տրվել է աշխատանքային ճաշ, որի ընթացքում ՀՀ վարչապետը ներկայացրել է մեր երկրի տնտեսության վիճակն ու զարգացման հեռանկարները։

Զրուցակիցները քննարկել են տնտեսության մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Այդ համատեքստում կարեւորվել են հայ եւ լիբանանցի գործարարների մասնակցությամբ կազմակերպվող համաժողովները, որոնք կարող են խթանել երկկողմ ներդրումները: Ընդգծվել է համագործակցության արդյունավետ մակարդակը բանկային ոլորտում, որտեղ առկա է ներդրումների մեծ ներուժ, ինչպես նաեւ համագործակցությունը ֆինանսական ոլորտում ու գյուղատնտեսության զարգացման առումով: Նշվել է, որ կան բոլոր հնարավորությունները առեւտրատնտեսական հարաբերությունների մակարդակը նոր որակի բարձրացնելու համար:  Անդրադարձ է եղել նաեւ զբոսաշրջության ոլորտում համագործակցության առկա ներուժի օգտագործմանը, ինչին կարող է նպաստել ավիաչվերթների պարբերականության ավելացումը։