Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` դեկտեմբերի 9-ին, ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար դեսպան Թրայան Լավրենթիու Հրիսթեային` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը հաջողություն է մաղթել վերջինիս` հույս հայտնելով, որ ԵՄ պատվիրակության ղեկավարն իր գործունեությամբ կնպաստի Հայաստան-ԵՄ արդյունավետ փոխգործակցության խորացմանը եւ ընդլայնմանը:
Թրայան Հրիսթեային նշել է, որ ԵՄ-Հայաստան համագործակցության ներկա բարձր մակարդակը մեկ անգամ եւս վկայում է հարաբերությունների զարգացման երկուստեք շահագրգռվածության մասին եւ հավաստիացրել, որ կանի առավելագույնն այդ գործընկերության առավել ամրապնդման համար:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության հարցերի լայն շրջանակ մասնավորապես՝ Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների ընթացքի, մուտքի արտոնագրային ռեժիմ դյուրացման, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ հարցեր:




























