Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը դեռ ոչ ոք չի գնել, որովհետեւ դեռ չի սկսվել օտարման գործընթացը: Այս մասին նշվում է ՀՀ կառավարության 2011 թ-ի հունիսի 2-ի N 831/Ն որոշման մեջ: Ըստ այդ որոշման 6-րդ կետի` Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը 2012 թ դեկտեմբերին պետք է իրականացնի գույքի գնահատում: Անդրադառնալով այդ որոշմանը` Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ըստ դրա առաջին կետի` «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի զբաղեցրած` Երեւանի Արշակունյաց 2 հասցեում գտնվող` 6355 քառ. մետր ընդհանուր մակերեսով համալիրն ու 1.7 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածքը պետք է վաճառվի մինչեւ 2013թ փետրվարը ոչ պակաս, քան 5,600,000.0 հազ. դրամ գումարով:
«Այնուհետեւ նշվում է պայմանների մասին, որ տարածքն ազատվելու է ոչ շուտ, քան 2014 թվականի 2-րդ կիսամյակում, իսկ գնորդն օտարվող գույքի արժեքից 3,000,000.0 հազ. դրամը վճարելու է ոչ ուշ, քան 2013 թվականի 1-ին եռամսյակում»,-:նշեց իրավաբանը: Նրա խոսքով` երկրորդ կետում նշվում է, որ 2014թ 1-ին եռամսյակում Բ. Ֆանարջյան 76 հասցեում գտնվող «Ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի 6,65 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածքը եւ 29455 քառ. մետր ընդհանուր մակերեսով գույքը հետ են վերցվում եւ տրվում արդարադատության նախարարությանը` միեւնույն ժամանակ որոշակի ֆինանսական միջոցներ հատկացնելով կենտրոնի գույքը հարմարեցմանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի չափանիշներին: «Հիշատակված Կառավարության որոշումը ընդամենը արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցման եւ մի շարք քրեակատարողական հիմնարկների գազաֆիկազման եւ ջեռուցման միջոցառումների ծրագիր է եւ ամենեւին էլ ոչ առուծախի պայմանագիր, որտեղ կարող էր ի սկզբանե հայտնի լինել գնորդը առանց օտարման գործընթացի»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը: Այսպիսով` ոչ թե «Ուոռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն է գնում «Դատապարտյալների հիվանդանոցը», այլ նրանց տարածքը տրվելու է վերջիններիս: Այսինքն` «Դատապարտյալների հիվանդանոցը» տեղափոխվելու է Ֆանարջյան 76, իսկ թե որտեղ է տեղափոխվելու «Ուռուցքաբանության ազգային կենտրոնը» առայժմ հայտնի չէ: Հավանաբար` մինչ 2014թ այդ մասին եւս որոշում կընդունվի:
Հիշեցնենք, որ «Առավոտը» գրել էր, որ «Ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն գնել է Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը, սակայն այդ կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը մեզ հետ զրույցում հերքել էր այդ լուրերը:



























