Սա տրամաբանական շարունակություն է Փաշինյանի կառավարության նիստում ուժայինների հանդեպ դրսեւոորած դժգհությունից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների «շքերթին»:

«Ինքը իբր, իբր հրահանգ է տվել, որպեսզի դատական պրոցեսներ լինեն, որպեսզի կարողանան թալանչիների գումարները հետ բերեն, և ըստ էության ինքը խոսք է տվել նաև, որ դրա հաշվին բյուջեն է ավելանալու և մարդիկ ավելի լավ են ապրելու, մանավանդ նրանք, որոնք հույս ունեն, որ իրենց բաժանելու են այդ գումարները: Նա բացատրում էր, որ, ըստ էության, իրավական համակարգը սաբոտաժ է անում դա։ Այս բառը ինքը չէր ասում, բայց, ըստ էության, իր ասածը մի բառով, այսպես կարելի է ասել: Նա խոստովանում էր, որ իր հրահանգները չեն կատարվում, որ պետական ուղղահայացը չի աշխատում։

Ես կարող եմ ասել, որ պետական հորիզոնականն էլ չի աշխատում: Սա նշանակում է, որ պետական համակարգը էֆեկտիվ չէ, այն անտեսում է Նիկոլ Փաշինյանի հրահանգները»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ ֆոնին սպասելի էր, որ լինելու են որոշակի հրաժարկաններ, առաջին հերթին քննչական, ՆԳՆ համակարգերում:

Վիգեն Հակոբյանը կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը ուղղակի նախապատրաստվում է ընտրությունների. «Դեռ ինքն էլ չգիտի՝ արտահերթ է, թե հերթական, բայց ինքը փորձում է իր նախընտրական քեյսը համալրել։ Ինքը երկու հիմնական խոստումով է մնացել իշխանության. դա ներքին քաղաքականն է, որ նախկիններին կուլակաթափելու է և նրանց փողերը բաժանի իր ընդհազանգվածին: Նա համոզել էր, որ այդ ընդհազանգվածի կյանքի բոլոր պրոբլեմները նրանից են, որ նախկինները իրենց փայն էլ են տարել։ Եվ երկրորդը արտաքին քաղաքականն էր, դա խաղաղության պայմանագիր բերելն էր Հայաստանին։

Ինքն, ըստ էության, այս պահի դրությամբ ոչ մեկը չի արել, բայց արդեն հերթական ընտրություններին մոտենալու պես անհանգստանում է այդ թեմայով։ Դրա համար ինքը բացատրում է իր դեռեւս մնացած ընտրազանգածին, թե  ով է մեղավոր, որ իրենք խոստացված գումարները չեն ստանում, այսպես կոչված, թալանչիներին կամ նախկիններին չեն դատում և այլն: Ասում է՝ սաբոտաժ կա, ես մեղավոր չեմ, իրավական համակարգն է մեղավոր։ Դա իր ոճն է:Այս անգամ քավոևւթյան նոխազ լինելու հերթը հասավ ուժայիններին»,- հայտարարեց քաղտեխնոլոգը: