Ոստիկանության ծառայողները դեկտեմբերի 9-ի առավոտյան Փարաքար գյուղի բնակիչ, 32-ամյա Արտակ Զ.-ի տան խուզարկությամբ մեծ քանակությամբ զենք են հայտնաբերել:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերվել են «ՏՏ» ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով, «ԱԿ» ինքնաձիգ` 30 փամփուշտով լիցքավորված պահունակով, եւ 5 գրամ կանեփանման զանգված, տանը հարակից շինություններից` 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 30 փամփուշտ, ինքնաշեն ատրճանակ` պահունակով, տարբեր տրամաչափի 19 փամփուշտ, «ՊերֆեկտաFBI8000» գազային ատրճանակ եւ «Բայկալ» օդամղիչ հրացան, իսկ ավտոտնակից` սպորտային վերնազգեստ, սեւ կտորից պատրաստված 2 դիմակ, 5,45 մմ տրամաչափի 28 փամփուշտ եւ ինքնաձիգի 1 գոտի:

Հայտնաբերված կանեփանման զանգվածն ու զենք-զինամթերքը առգրավվել եւ ուղարկվել են դատաքիմիական ու դատաձգաբանական փորձաքննությունների:

Արտակ Զ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: