Ռուսաստանը պատրաստվում է «համարձակ» հարձակման Զապորոժիե քաղաքի վրա, որը գտնվում է ճակատից 30 կիլոմետր հեռու, The Economist-ին ասել են ուկրաինական հետախուզության ներկայացուցիչները։ Նրանց խոսքով՝ գործողությունն սկսելու ստույգ ժամկետը հայտնի չէ, բայց սպասվում է, որ ռուսական բանակը դրանում կգործադրի 130 հազար զինվոր։

Զապորոժիեի զավթումը չափազանց կարեւոր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար։ 2022թ. սեպտեմբերին նա հայտարարել էր Զապորոժիեի մարզի անեքսիայի մասին, չնայած ռուսական բանակը այդ պահին վերահսկում էր միայն տարածքի մեկ երրորդը, նշել է The Economist-ը։

Միեւնույն ժամանակ, Զապորոժիեն ռազմավարական նշանակություն ունի Ուկրաինայի համար։ Դա երկրում ծանր արդյունաբերության մնացած երեք կենտրոններից մեկն է, որը կրիտիկականորեն կարեւոր է Ուկրաինայի՝ որպես պետության, գոյատեւման համար, գրել է պարբերականը։

Զապորոժիեի վրա հնարավոր հարձակումից առաջ Ռուսաստանը զանգվածայնորեն գնդակոծում է քաղաքը։ Վերջին երկու ամիսներին ռուսական հրթիռները եւ ռումբերը ավերել են 1 500 տուն Զապորոժիեում։

Ուկրաինական որոշ զինվորականներ կարծում են, որ Ռուսաստանն առայժմ չի կարող հարձակման անցնել Զապորոժիեում։ Քաղաքի գրոհի առաջին փուլում նախատեսվում էր գործարկել երկու դիվիզիա (20-30 հազար զինվոր), բայց նրանց կեսին ստիպված ուղարկեցին Կուրսկ, որպեսզի փորձեն ուկրաինական բանակը դուրս մղել գրաված դիրքերից, ասում է գնդապետ Ալեքսեյ Խիլչենկոն։

«Նրանք դեռ պատրաստ չեն հարվածել, բայց երբ պատրաստ լինեն, առաջին հարվածը կլինի ամենածանրը»,- նշել է Ուկրաինայի ԶՈւ 118-բրիգադի մարտկոցի հրամանատարը՝ «Լեմբերգ» ազդականչով։

The Economist-ի տվյալներով՝ Ուկրաինայի ԶՈւ-ն պաշտպանական գծեր կկառուցի Զապորոժիեի գծի շուրջ։ Ինժեներական պատնեշներից բացի դրանք կներառեն նաեւ ականադաշտեր։

Ռուսական բանակը շարունակում է հարձակվել Դոնեցկի մարզում։ Նոյեմբերի սկզբին Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին նշել է, որ դա ամենահզոր հարձակումներից մեկն է Ուկրաինայում պատերազմն սկսվելուց ի վեր։

WarMapper-ի OSINT-նախագծի տվյալների համաձայն՝ հոկտեմբերին ռուսական զորքերը օկուպացրել են Ուկրաինայի 538,8 քառակուսի կիլոմետր տարածք, ինչը ռեկորդային է 2022թ. մարտից։ Ռուսաստանը հակահարձակման ընթացքում վերադարձրել է Կուրսկի մարզի զավթված տարածքի ավելի քան 10 տոկոսը, Reuters-ին ասել է աղբյուրը Ուկրաինայի Գլխավոր շտաբում։