Օդանավակայանում գործող տաքսիստներն ակնկալիք ունեին, որ միգուցե օրենքը չգործի մինչև քննարկումների ավարտը, բայց եթե այդ օրենքը կա, այն պիտի գործի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում անհատ տաքսիների գործունեությունը սահմանափակող օրենսդրությանը:
«Ուղղակի իրենց մոտ այսպիսի միտք կար, որ շատ դեպքերում կարող է տաքսու վարորդը մտել է օդանավակայանի տարածք իր բարեկամին դիմավորելու համար կամ սեփական կարիքների համար, այդ ժամանակ, քանի որ ոստիկաններն արդեն ֆիքսել են, որ այդ մարդը օրը 10 անգամ մտնում է օդանավակայանի տարածք, ասում են՝ դու վարչական իրավախախտում ես հիմա կատարում, արգելել են:
Պայմանավորեցինք, որ փոխադարձ վստահության մթնոլորտը վերականգնենք, այսինքն իրենք էլ հասկանան՝ ինչն է կարելի, ինչը չէ, ոստիկաններն էլ ոչ թե բոլորին նույն արշինով, չափին, այլ հաշվի առնեն, որ կարող է մարդը իրականում այլ նպատակով է օդանավակայանում, կարող է և զոքանչին է դիմավորում»,-ասաց Թունյանը:
Դիտարկմանը, որ վարորդներն ասում են, որ Արմավիրի մարզի հարյուրանովր ընտանիքներ սոված կմնան, Թունյանն արձագանքեց. «Ժողովուրդ ջան, եկեք մի բան նկատի ունենանք, որ այդ մարդկանց ձեռքից մեքենաները ոչ մեկը չի վերցնում, այդ մարդկանց որևէ մեկը չի արգելում տաքսի վարել, այդ մարդիկ կարող են անհատ տաքսու վարորդներ աշխատել օդանավակայանի տարածքից դուրս, կարող են օնլայն հարթակներին միանալ, այստեղ խնդիրը օդանավակայանի տարածքում ծառայություն մատուցելն է։
Ասում են մենք վարկեր ունենք, չգիտեմ ինչ ունենք, բայց այնպիսի քայլ չի անում կառավարությունը, որ իրենց փող աշխատելու հնարավորությունը սահմանափակվում է։ Պիտի հասկանանք, որ ամեն ինչ պիտի լինի կանոնակարգված ու ամեն մարդ պիտի զբաղվի իր գործով»:




























