«Դաշնակցությունն ինչպես միշտ` կիսատ-պռատ է»,- այսօր` դեկտեմբերի 12-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Հայ Ազգային Կոնգրեսի անդամ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը` մեկնաբանելով ՀՅԴ կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը: Բագրատ Ասատրյանը հիշեցրեց, թե ինչպես էր Դաշնակցությունը վերաբերում անկախության գաղափարին. «կողմ ըլլալով անկախությանը, դեմ ենք Սովետ Միությունից դուրս գալուն»:

Մի քանի ամիս առաջ էլ, հայտնի է, Դաշնակցությունը արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հրաժարականն էր պահանջում: Դրան էլ ՀԱԿ ներկայացուցիչը արձագանքեց հետեւյալ կերպ. «Եկեք այդ հեքիաթային խաղերին չմասնակցենք: Ո՞ւմ հայտնի չէ, որ արտգործնախարարին նախագահն է նշանակում, այսօր միայն նախագահի հրաժարականի հարցն է կարեւորը, քաղաքական ճգնաժամ կա…»:

Անսպասելիորեն, ՀՅԴ-ի դիրքորոշմանը դրական արձագանքեց հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը: Նրա խոսքով` Դաշնակցությունը պահանջում է այն, ինչին հնարավոր է հասնել (նկատի ունի արտգործնախարարի ու կառավարության հրաժարականը), հեռու մնալով «անիրական» քաղաքական պահանջներից (նախագահի հրաժարականի պահանջ):