Սաուդյան Արաբիայում կախարդուհու են պատժել. դատավճռին համապատասխան` կտել են նրա գլուխը: Ամինա բինթ Աբդուլհալիմ Նասերը` հյուսիսային Ջավֆ նահանգից, մեղադրվել է կախարդության եւ ոչ երկրային ուժերի օգտագործման մեջ: Agence France-Presse-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել են թագավորության ներքին գործերի նախարարությունում:
Սաուդյան քրեական իրավունքը ամբողջովին հիմնված է կրոնական խիստ նորմերի վրա, հստակեցնում է Lenta.ru-ն: Տեղական օրենսդրությունն արգելում է թագավոր Աբդուլլահ իբն Աբդել Ազիզի ենթակաների շփումը ջիների, ոգիների եւ նմանատիպ այլ արարածների հետ, որոնց մասին նշված է Ղուրանում:
Թագավորությունում մահապատիժը սովորական երեւույթ է: Այստեղ գլխատում են ոչ միայն կախարդության, այլեւ բռնաբարության, զինված կողոպուտի, թմրանյութերի առեւտրի, ինչպես նաեւ կրոնափոխ լինելու համար:
2010թ. Սաուդյան Արաբիայում 27 մարդ մահապատժի է ենթարկվել, դրա նախորդ տարում` 67: Ընթացիկ տարում դատարանի վճռով գլխատել են 73 մարդու:




























