Այսօր՝ նոյեմբերի 13-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել պակիստանյան Փեշավար քաղաքում՝ երկրի հյուսիս-արեւմուտքում:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան Պակիստանի միջգերատեսչական հետախուզության եռահարկ շենքի մոտ, որն արդյունքում լուրջ վնասներ է կրել: Ներկայումս, ինչպես հաղորդում է AFP-ն, երկրի իշխանությունները հայտնում են 7 զոհվածների եւ նվազագույնը 35 վիրավորների մասին: Պայթյունը լսելի է եղել ողջ քաղաքով, նշում է BBC-ն:
Պակիստանի տարածքում գործող ահաբեկչական կազմակերպություններից եւ ոչ մեկն առայժմ իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը:
Պակիստանի հյուսիս-արեւմուտքում, մասնավորապես՝ Փեշավարում, ահաբեկչական գործողություններ հաճախ են կատարվում: Ամենամեծը տեղի էր ունեցել հոկտեմբերի վերջին՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի ժամանակ, երբ պայթյունի զոհ էին գնացել մոտ 100 մարդ: Միայն վերջին ամսվա ընթացքում ահաբեկիչության զոհ է դարձել ավելի քան 150 հոգի:


























