Ռուանդայի մայրաքաղաքային օդանավակայանում (Կենտրոնական Աֆրիկա) տեղական ավիաուղիների ուղեւորատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ մխրճվել է օդանավակայանի շենքի մեջ եւ մտել VIP-հյուրերի սպասասրահի մեջ:

Վթարի արդյունքում, ինչպես հայտնում է «Վեստի»-ն, զոհվել է 1 մարդ, եւս 10 ուղեւորներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Որոշ տվյալներով հոսպիտալացվածների մեջ է նաեւ ինքնաթիռի օդաչուն, որի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:

Հայտնի է դարձել, որ ինքնաթիռը հարկադրված վայրէջք էր կատարում թռիչքից րոպեներ անց: Օդաչուները հաղորդել էին, որ չեն կարողանում բարձրություն հավաքել եւ վերադառնալու թույլտվություն են խնդրել:

«Օդանավը մեկնում էր Կամպալա: Տեխնիկական անսարքությունների պատճառով մի քանի րոպե անց այն հարկադրված վայրէջք է կատարել, բայց կանգ առնել չի կարողացել եւ մխրճվել է օդակայանի շենքի մեջ»,- հայտնել է երկրի տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի նախարար Լուիս Մուշիկիվաբոն, հաղորդում է «Ռադիո Մայակը»: