Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 5-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԴՈՒՍՏՐ ՀԱՍՄԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մետաղապլաստե պրոֆիլների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 1995թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 16 աշխատատեղ 107 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 20-ի՝ 110 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 84․3 մլն դրամ:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը մաքսատուրքից ազատեց նաեւ «ԼԻԻ ԴԵԼՅՈՒՔՍ» ընկերությանը, որի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել շոկոլադի արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 17․5 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 42 աշխատատեղ 168 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 68-ի՝ 190 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 17․5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 875 հազար դրամ: