Վիեննայում, դեկտեմբերի 10-ին կայացել է Ավստրիայի «Արարատ» մարզական միության ամենամյա ամփոփիչ պաշտոնական հանդիպումը, որի ժամանակ ցուցադրվել է Համահայկական խաղերին Ավստրիայի «Արարատ» մարզական միության մասնակցության մասին պատմող տեսահոլովակը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, Հայ առաքելական սուրբ եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի պատվիրակ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, եկեղեցական վարչության անդամներ, համայնքային կառույցների ղեկավարներ եւ այլք:

Դեսպան Կիրակոսյանն ընդգծել է համայնքի եւ պետության սերտ համագործակցության ու մշտական կապի անհրաժեշտությունը:  Վերջինս իր գոհունակությունն է հայտնել Համահայկական խաղերին Ավստրիայի համայնքի հայ մարզիկների ակտիվ մասնակցության առիթով, որը ներկայացված էր 74 մարզիկով, եւ Եվրոպայից ժամանած ամենամեծ թիմն էր:

Ավստրիայում ՀՀ դեսպանը հայ մարզիկներին է հանձնել Համահայկական խաղերի  համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի կողմից տրված պատվոգրերը: