Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը հրատարակել է Սիլվա Լ. Տեր-Ստեփանյանի եւ Կոմիտաս Գեւորգյանի հեղինակած «Հայը եւ իր երգը» մանկական երգերի գիրքը:
Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ երգարանում ներառված են ազգային-եկեղեցական տոներին, բարեպաշտական սովորություններին, հայոց պատմության նշանավոր դեմքերին ու դեպքերին, ազգային խորհրդանիշներին նվիրված քառասուն երկու երգեր` մանուկների համար դյուրընկալելի եղանակներով:
Գրքի հավելվածում տեղ են գտել երգերի արեւմտահայերեն տեքստերն ու երգերի վերաբերյալ որոշ մեկնաբանություններ: Նոտագրքի արեւելահայերենի փոխադրումը եւ նոտագրումն իրականացրել են կենտրոնի աշխատակիցներ Հասմիկ Աբրահամյանը եւ Ֆլորա Հակոբյանը, իսկ խմբագրումը կատարվել է կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանի կողմից:
Երգարանը նախատեսված է նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների եւ հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների համար:




























