«Հայաստանում օրենքները շատ արագ են փոխվում, եւ գործարարները, հատկապես փոքր ու միջին ձեռնարկատիրությամբ (ՓՄՁ) զբաղվող բիզնեսմենները չեն հասցնում այդ փոփոխությունների հետեւից»,- այսօր տեղի ունեցած բիզնես սեմինարի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Արդյունաբերողների եւ գործարարների միության» գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը՝ ընդգծելով, որ նախարարությունների ու պետական այլ հաստատությունների կայքերը հաճախ կրում են պրեզենտացիոն ու պոպուլիստական բնույթ, այնինչ գործնական տեղեկություններ, որոնք կարող էին օգնել գործարարներին, չկան:

Գ. Մակարյանը ներկայացրեց հարցման արդյունքներ, որից պարզ է դառնում, որ ձեռնարկատերերը ուղղակի վախենում են տեսակետ արտահայտել: Օրինակ՝ հարցին, թե պետական մարմինների կողմից վերջին 2 տարում եղե՞լ են ոտնձգություններ ձեր գործունեության նկատմամբ, 90 տոկոսը բացասական պատասխան տվել, սակայն բանավոր հավելել, որ իհարկե, եղել են, բայց իրենց չեն ցանկանում այդ մասին բարձրաձայնել: Պարզվել է, նաեւ որ ՓՄՁ-ների մոտ 60 տոկոսը իրենց տեղեկատվությունը ստանում են կամ իրենց հաշվապահներից, կամ թերթերից, ինչը նշանակում է, որ պատկան մարմինները լավ չեն աշխատում:

Իսկ ամենահետաքրքիր ցուցանիշն այն էր, որ ընդամենը 15 անուն ապրանքատեսակներ ապահովում են Հայաստանի արտահանման 80 տոկոսը: «Եւ այսպիսի խնդիրներով մենք ուզում ենք Եվրոպական շուկա մտնել»,- իր խոսքն ամփոփեց Գ. Մակարյանը: