Տղամարդը, որը Լաս Վեգասի դատարանի դահլիճում հարձակվել էր դատավորի վրա՝ ցատկելով նստարանի և սեղանի վրայով, տասնամյակների ազատազրկման է դատապարտվել։

Դեոբրա Ռեդենը Նևադա նահանգի բանտում դատապարտվել է 26-65 տարվա ազատազրկման՝ Քլարկ շրջանի շրջանային դատարանի դատավոր Մերի Քեյ Հոլթուսի վրա հարձակվելու համար, հաղորդում է KLAS հեռուստաընկերությունը:

31-ամյա Ռեդենը սեպտեմբերին մեղավոր է ճանաչվել սպանության փորձի և այլ մեղադրանքներով։ Միաժամանակ դատարանը նրան հոգեկան հիվանդ է ճանաչել։

Նրա դատավարությունն ավարտվել է դատավոր Հոլթուսի ցուցմունք տալուց անմիջապես: Կին դատավորը խոստովանել է, որ ինքը վախենում է սեփական կյանքի համար, երբ Ռեդենը ցատկել է իր 4 ոտնաչափ բարձրությամբ նստարանի վրայով և ընկավ իր վրա:

Ռեդենը, սակայն, հայտարարել է, որ դատավորին սպանելու մտադրություն չի ունեցել:

Հարձակումը տեղի է ունեցել հունվարի 3-ին, երբ Հոլթուսը պատրաստվում էր հրապարակել ծեծի գործով Ռեդենի դատավճիռը:

Բռնության տեսարանը նկարահանվել է դատարանի դահլիճի տեսանյութում, որտեղ երևում է, թե ինչպես է 62-ամյա դատավորն իր նստատեղից ետ ընկնում պատին, երբ Ռեդենը ցատկում է նստարանի վրայով և բռնում նրա մազերից՝ ամերիկյան դրոշը նրա վրա շուռ տալով: Հոլթուսը որոշ վնասվածքներ է ստացել, սակայն չի հոսպիտալացվել, հայտնել են դատարանի պաշտոնյաները:

Ռեդենի փաստաբան Կառլ Առնոլդը հայտնել է, որ իր պաշտպանյալը հարձակման պահին շիզոֆրենիայի դեմ նշանակած իր դեղամիջոցները չէր ընդունել: