Իտալական մաֆիան տարեկան ավելի քան երեք միլիարդ եվրո է վաստակում զբոսաշրջության արդյունաբերությունից և պատրաստ է ավելի շատ վաստակել առաջիկա լայնածավալ միջոցառումներից, երեքշաբթի նախազգուշացրել է Demoskopica հետազոտական ​​ինստիտուտը:

Կազմակերպված հանցավոր խմբավորումները տարեկան 3,3 միլիարդ եվրո են վաստակում՝ փող շորթելով խոցելի ձեռնարկություններից՝ հյուրանոցներից մինչև ռեստորաններ, և պատրաստվում են ավելի մեծ շահույթ ստանալ Հռոմի կաթոլիկ եկեղեցու հոբելյանական տարվա և ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում զբոսաշրջիկների ներհոսքից, հաղորդում է Delfi-ն:

Ֆրանցիսկոս պապը 2025 թվականը հայտարարել է սրբազան տարի, ինչը նշանակում է, որ Հռոմը կընդունի միլիոնավոր ուխտավորների։ Իսկ 2026 թվականին Միլանն ու Կորտինա դ'Ամպեցոն կհյուրընկալեն ձմեռային օլիմպիական խաղերը։

Ըստ Demoskopica-ի զեկույցի, մաֆիայի շրջանառության կեսը բաժին է ընկնում հզոր Ndrangheta հանցավոր կազմակերպությանը, որը սկիզբ  է առել Կալաբրիայում, մինչդեռ Կամպանիայում տեղակայված Camorra հանցավոր կազմակերպությունը, սիցիլիական մաֆիան և Ապուլիա շրջանի կազմակերպված հանցավոր խմբերը նույնպես մեծ եկամուտներ են ստանում զբոսաշրջությունից։

Թեև մաֆիոզ այս կլանները տեղակայված են Իտալիայի հարավում, սակայն այս խմբավորումները մոտ 1,5 միլիարդ եվրո են վաստակել զբոսաշրջությունից երկրի հարուստ հյուսիսային մասում, ասվում է զեկույցում:

«Ավելի քան յոթ հազար խոցելի ձեռնարկություններ հանցավոր կազմակերպությունների զոհ դառնալու վտանգի տակ են», - նախազգուշացրել է Demoskopica-ի նախագահ Ռաֆայել Ռիոն՝ նշելով, որ 48․000 զբոսաշրջային ձեռնարկությունների գրեթե 15%-ը գտնվում է լիկվիդայնության և պարտքային ճգնաժամի մեջ, ինչը նրանց խոցելի է դարձնում մաֆիայի օգնության առաջարկների դիմաց։ Կազմակերպված հանցավոր խմբերը շահավետ պայմաններով գումար են տրամադրում ընկերություններին և դրանք օգտագործում իրենց ապօրինի ձեռք բերած եկամուտները լվանալու համար:

«Նրանք խոստանում են ֆինանսական գոյատևում, ծածկում են պարտքերը և երաշխավորում լիկվիդայնություն, բայց շատ բարձր գնով` վերահսկողություն կամ  ընկերությունների ամբողջական կլանում: Այս արատավոր համակարգը ոչ միայն ուժեղացնում է հանցավոր ընտանիքների իշխանությունը ողջ երկրում, այլ նաև նպաստում է փողերի լվացման, վաշխառուության  և շորթման շղթային, որը ճնշում է մեր երկրի օրինական տնտեսությունը», - զգուշացրել է Ռիոն: