Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը դեկտեմբերի 15-17-ը աշխատանքային այցով կմեկնի Նիդերլանդներ:

Վերահսկիչ պալատի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՎՊ նախագահը հանդիպում կունենա Նիդերլանդների Հաշվիչ դատարանի խորհրդի համանախագահներ հետ:

Այցի ընթացքում կքննարկվեն 2012-2013 թվականների Նիդերլանդների հաշվիչ դատարանի կողմից Հայաստանի վերահսկիչ պալատին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ նոր առաջարկները: 

Մասնավորապես` Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով հոլանդացի փորձագետները կգնահատեն Վերահսկիչ պալատին վերաբերվող ՀՀ օրենսդրական եւ մեթոդական դաշտը:

Հիշեցնենք, որ ՀՀ Վերահսկիչ պալատի եւ Նիդերլանդների Հաշվիչ դատարանի համագործակցության հիմքը դրվել է 2009-ին` ՀՀ ՎՊ-ին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու մասին ստորագրված համագործակցության համաձայնագրով:

Վերջին երկու տարիների ընթացքում` նյութատեխնիկական եւ մեթոդաիրավական աջակցության շրջանակներում, իրականացվել են մի շարք համատեղ ծրագրեր, որոնք էապես նպաստել են ՀՀ Վերահսկիչ պալատի զարգացմանը:

Հոլանդական կողմի հետ համագործակցության արդյունքում ստեղծվել է Վերահսկիչ պալատի պաշտոնական վեբ-կայքը, տեղեկատվական տեխնոլոգիաների ռազմավարական ծրագրի նախագիծը, վերահսկիչ պալատի աշխատակիցների համար կազմակերպվել է հարկային-մաքսային ոլորտներին նվիրված եւ IDEA ծրագրի ուսուցողական սեմինարներ, տրամադրվել են  IDEA ծրագրային փաթեթներ:  

Տեղեկացնենք,  որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը դեկտեմբերի 18-20-ը, աշխատանքային այցով, կմեկնի ՌԴ մայրաքաղաք Մոսկվա: Ի. Զաքարյանը հանդիպում կունենա ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինի հետ: Երկու երկրների բարձրագույն վերահսկիչ կառույցների ղեկավարները կքննարկեն հաջորդ տարվա համատեղ աշխատանքային ծրագրերը: