Պարոն Ավինյանն այս ընթացքում, որ քաղաքապետ է, իր համար գնել է «Մերսեդես» էլեկտրական մեքենա. «ընդամենը» 32,97 մլն դրամով, այսինքն 85 հազար դոլարով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Factor.am-ի ուղիղ եթերում Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ նշեց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ընդամենը մի քանի օր առաջ Լոս Անջելես է մեկնել պարոն Ավինյանը: Գնացել են 9 հոգով, միայն իր բիզնես կլասի տոմսի համար ծախսել է 7 մլն 650 հազար դրամ: Գիտե՞ք ինչի համար, որ հարմարավետ թռնի, հասնի Լոս Անջելես: Ես չէի հավատում, մինչեւ փաստաթուղթը չտեսա»,-ասաց Մարությանը՝ ցուցադրելով համապատասխան փաստաթուղթը:
«43 շենքի բնակիչ, 6 հազար մարդ այս տարվա իրենց գույքահարկը տվել են, որ պարոն Ավինյանը թռնի Լոս Անջելես հարմար նստարանում»,-ասաց նա եւ դիմեց քաղաքապետին. «Դուք մինչեւ այս պաշտոնական կյանքը երբեւիցե 20 հազար դոլար տոմսի գին տվե՞լ եք»:
Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Ես հիշեցի, որ 2019-ին դուք քաղաքապետի ավտոմեքենան վաճառել էիք, եւ մենք բոլորով դրա մասին գիտեինք: Երբ կա անձնական PR-ի այդ հատվածը, այո միշտ կարելի է ներկայացնել, թե տեսեք, թե ես ինչքան լավն եմ: Ես 2,5 տարի իմ մեքենայով եմ աշխատանքի գնացել, ինքս վարել եմ, ոչ մեկի մոտ սրա մասին չեմ խոսել:
Բոլորս գիտեինք, որ դուք այդ ավտոն վաճառել եք, բայց բոլորս չգիտեինք, որ հարյուրավոր ավտոներ տարեկան 400 հազար դրամ սպասարկումով շարունակել եք պահել: Մենք հիմա բոլորը կրճատում ենք, փոխարինում ենք 42 էլեկտրամեքենայով:
20 մլն դրամ այս գործողությամբ քաղաքապետարանը խնայում է տարեկան: Երբ քաղաքապետարանը տրանսպորտային համակարգում ստվերի դեմ պայքարեց, 6 օրում այդ 32 մլն դրամը հավաքել է»:





























