Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին այսօր` դեկտեմբերի 14-ին, հրավիրել են ոստիկանություն: Այդ մասին տեղեկացնում է «Էկոլուր» բնապահպանական կազմակերպությունը: Ըստ այդմ` ժամը 14:30-15:00-ի սահմաններում երկու ոստիկաններ մտել են  Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի տուն եւ նրան հրավիրել Քաջարանի միլպետի մոտ: Գյուղապետի մի քանի ժամ բացակայությունից հետո գյուղացիները պարզել են, որ  Աթայանին տարել են Կապանի ոստիկանություն: Քաջարան գյուղի բնակիչների մի խումբ հավաքվել է Կապանի ոստիկանության շենքի մոտ: Նրանք մտավախություն ունեն, որ սա  ճնշման մի ձեւ է, որպեսզի ստիպեն գյուղապետին ստորագրել համաձայանագրի տակ, որով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատին կտրվեն ՀՀ կառավարության 627-Ն որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված գյուղի հողերը: Ըստ երեւույթին` գյուղացիների ճնշման ներքո, 19:00-ի սահմաններում գյուղապետին ազատ են արձակել:

Արդեն մի քանի ամիս է, Քաջարան գյուղը պահանջում է չեղյալ համարել ՀՀ կառավարության 627-Ն որոշումը   եւ  հրաժարվում է ստորագրել հողերի  հանձնման  փաստաթուղթը` հայտարարելով, որ դա ամբողջ գյուղի ստիպողաբար տարհանում  է  նշանակում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր, գերմանական «Քրոնիմետ» ընկերությունը պատրաստ է քննարկել գյուղացիների բողոքներն ու առաջարկությունները, սակայն չի հրաժարվի հանքը ընդլայնելու ծրագրից: