Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է Դամասկոսում նոր վարչակազմի հետ հանդիպելու պլանների մասին։ Թուրքական դիվանագիտության ղեկավարը ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տվել է ընթացիկ իրադարձությունների իր գնահատականը։

Մեկնաբանելով Դամասկոսում նոր վարչակազմի հետ ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակության հանդիպումը՝ Ֆիդանը նշել է, որ դա շատ կարևոր է համարում։ «Ամերիկացի պաշտոնյաների այցից առաջ Դամասկոս էին այցելել որոշ եվրոպական երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Մենք տեսնում ենք Դամասկոսի նոր վարչակազմի հետ կապերի հաստատումը։ Սա կարևոր իրադարձություն է»,- ասել է նա։

Հարցին, թե ինչու Հայաթ Թահրիր ալ-Շամը (HTS) չի հանվել Թուրքիայի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից, Ֆիդանը պատասխանել է, որ դրա ընդգրկումը կապված է ՄԱԿ-ի ցուցակի հետ: «Իհարկե, մենք կատարում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, սակայն այժմ իրավիճակն այլ է, որտեղ իրավական և գործնական ասպեկտները հակասում են միմյանց»,- ասաց նա։

Ըստ Ֆիդանի՝ «վերջին 10 տարում Թուրքիան չի տեսել, որ HTS-ն ներգրավված է որևէ ահաբեկչական գործունեության մեջ»։

 «Դա այն է, ինչ բացահայտվել է ոչ միայն մեր, այլև արևմտյան հետախուզական ծառայությունների կողմից»,- ասում է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։